Իմ երազանքների դպրոցը
Ես ձեզ կբացեմ իմ սրտի փոքրիկ գաղտնիքը, որի մասին դեռ ոչ ոք չգիտի:
Տարիներ առաջ էր. ես դեռ դպրոց չէի հաճախում, միայն պատկերացնում էի, թե ինչպիսին է լինելու իմ դպրոցը: Դրսում խաղալիս տեսնում էի երեխաների, որոնք ժպիտները դեմքներին, պայուսակները ուսերին, ուրախ-ուրախ զրուցելով շտապում էին դպրոց: Ես չէի հասկանում, թե ինչ կարևոր ու սուրբ դեր կունենա դպրոցն իմ կյանքում, բայց միշտ ցանկանում էի շուտ մեծանալ և դպրոց գնալ: Ամենից տպավորիչն այն էր, որ իմ պատկերացմամբ ամեն հեղինակի ստեղծագործությունն անցնելիս հենց այդ հեղինակը պետք է դասավանդեր մեզ: Ես հաճախ էի մայրիկիցս հարցնում այն հեղինակների մասին, ում տեսնում էի հեռուստացույցով կամ լսում էի, թե ինչպես է մեծ քույրս կարդում նրանց ստեղծագործությունները: Ու երբ մայրս ասում էր, որ այդ հեղինակն արդեն մահացել է, ես շատեի անհանգստանում . մտածում էի` ով պետք է մեր դասը վարի այն օրը, երբ սովորենք այդ հեղինակի ստեղծագործությունները: Ես նաև պատկերացնում էի , որ իմ առաջին ուսուցչուհին միշտ ինձ հետ պետք է լինի, անգամ երբ դպրոցից տուն վերադառնամ և չէի էլ մտածում, որ իմ դասարանում լինելու են շատ երեխաներ և մեկ ուսուցչուհի, որը չի կարող միաժամանակ լինել բոլորիս հետ:
Մանուկ հասակում շատ էի սիրում երազել, և հետաքրքրիրն այն է, որ իմ երազանքները , սրտառոց մտքերն ու պատկերացումներն ինձ իրական էին թվում:
Մի հետաքրքիր պատմություն էլ կա իմ երազանքների դպրոցի մասին, որը կցանկանայի ձեզ պատմել.
Ձմռան մի գեղեցիկ առավոտ էր: Ձյան ճերմակ փաթիլները , միասնական պար բռնած , երկնքից իջնում էին ցած, ու ինձ թվում էր, թե գետնին հասնելուն պես ոտքեր են առնում և փախչում այս ու այն կողմ: Փախչում են դեպի դաշտ ու անտառ, դեպի սար ու ձոր և կողք կողքի շարվելով` ձյունե ճերմակ սավանի պատկեր են առաջացնում շուրջբոլորը: Այդ օրը ես վաղ էի արթնացել, իսկ ծնողներս դեռ քնած էին: Ես տագնապահար թռա անկողնուցս, հագնվեցի, լվացվեցի և շտապ դուրս եկա տնից: Ինձ թվում էր` մի գիշերվա ընթացքում ես այնքան էի մեծացել, որ արդեն դպրոց գնալու ժամանակն էր, իսկ ես ուշացել էի դպրոցից: Ձյան փաթիլների ներքո վազում էի ` չհասկանալով` որ կողմ էի վազում: Դուռը ծածկելու աղմուկը արթնացրել էր հայրիկիս և նա իմ հետևից դուրս էր վազել տնից ու հանգիստ, բարի հայացքով հետևում էր ինձ: Միգուցե ճանաչելով իմ բնավորությունը` նա ոչինչ չասաց` չցանկանալով ընդհատել իմ երազանքը: Երկար վազելուց հետո ես հասկացա, որ դպրոց չեմ հասնում և տեսնելով որ գնալով ավելի եմ հեռանում մեր տնից, արագ շրջվեցի և հետ եկա: Շատ ուրախացա, երբ նկատեցի հայրիկիս , որը ժպիտը դեմքին , ջերմ հայացքով ինձ էր նայում: Մոտեցա կանգ առա ու ասացի.
-Հայրիկ`, դպրոցից շատ էի ուշացել, այդ պատճառով էլ հետ վերադարձա, դասն արդեն ավարտվել էր: Հայրս նայեց ինձ, ժպտաց, համբուրեց գլուխս, գրկեց և տուն տարավ: Եվ նրանից երկար ժամանակ պահանջվեց, մինչև կարողացավ ինձ բացատրել, որ մեկ գիշերվա ընթացքում այդքան չէն մեծանում , ու որ ես դեռ փոքր եմ դպրոց գնալու համար: Եվ խոստացավ, որ երբ մեծանամ, ամեն օր ինձ դպրոց կտանի, ես էլ նրան խոստացա, որ լավ կսովորեմ և խելացի մարդ կդառնամ:
Հիմա , երբ արդեն չորրորդ դասարանում եմ սովորում , հասկանում եմ, թե ինչ կարևոր, ինչ սուրբ ու նվիրական գործ է դպրոցում գերազանց սովորելը, խելացի անձնավորություն, մեր երկրին պիտանի մարդ դառնալը: Ես կատարում եմ հորս տված իմ խոստումը և փորձում եմ հասնել մեծ բարձունքների : Հայրս նույնպես կատարում է իր տված խոստումը և ամեն առավոտ ինձ դպրոց է տանում: Ես երջանիկ եմ և դեռ շարունակում եմ երազանքներով ապրել և երբեք չէմ մոռանում իմ մանկության երազանքների դպրոցի մասին: Չեմ մոռանում ոչ մի րոպե, ոչ մի ակնթարթ և ամեն պահ փորձում եմ զուգահեռներ անցկացնել իմ այսօրվա դպրոցի ու իմ մանկության երազանքների դպրոցի միջև, և զարմանալին այն է, որ իմ պատկերացումներից շատերը իրականանում են, սակայն ավելի լուրջ և ավելի իրական տարբերակով: Ես սիրում եմ իմ դպրոցը, իմ ուսուցչուհուն, իմ դասընկերներին ու իմ ընտանիքը, որոնք միշտ օգնում են ինձ իրական դարձնել իմ երազանքները, և ես դեռ մտովի կառուցում եմ իմ երազանքների մեծ ու արկածներով լի դպրոցը: