Applicants’ Corner

Ավիաուսումնական կենտրոն

Հայաստանի քաղաքացիական ավիացիան հիմնադրվել է 1933 թվականին: 1961 թվականին ստեղծվել է ուսումնավարժական էսկադրիլիան, որը մի շարք անվանափոխումներից հետո 1993 թ. ստացել է իր ներկայիս անվանումը՝ «Ավիաուսումնական կենտրոն», իսկ է 2001 թ. ստացել է ներկա կազմակերպաիրավական ձևը՝ ՓԲԸ:
Արցախյան հերոսամարտի տարիներին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվերով կենտրոնը պատրաստել է 39 օդաչու և 44 ավիատեխնիկ: 1994-97 թթ. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի պատմության մեջ առաջին անգամ կենտրոնը պատրաստել է քաղաքացիական ավիացիայի առևտրային 9 օդաչու, ովքեր արդեն տարբեր տիպի օդանավերի օդաչուներ են: 2007-2017 թթ. ուսումնական կենտրոնը պատրաստել է 18 առևտրային օդաչու, 2004-2019 թթ.՝ 113 օդային երթևեկության կարգավար, 2007-2019՝ 141 փոխադրումների կարգավար, 2009-2017 թթ.՝ 31 ավիատեխնիկ: Օդագնացի կոչումն ընտրած և ավիացիոն կենտրոնն ավարտած ուսանողներից շատերն այսօր աշխատում են ինչպես Հայաստանի, այնպես էլ այլ երկրների քաղաքացիական ավիացիայում:
Ներկայիս ավիաուսումնական կենտրոնը (ԱՈՒԿ) ստեղծվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության Ազգային ավիացիոն դպրոցի հիմքի վրա, Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մարտի 9-ի թիվ 89 որոշմամբ և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության 1993 թվականի մարտի 15-ի թիվ 87 հրամանով:
Նպատակներ
Ավիացիոն ուսումնական կենտրոնի գործունեության հիմնական նպատակներն են թռչող անձնակազմերի, օդային երթևեկության կառավարման (ՕԵԿ) կարգավարների, ճարտարագիտատեխնիկական աշխատակազմի, թռիչքուղեկցորդների, ավիացիոն անվտանգության, փոխադրումների ծառայության աշխատակիցների և այլ ավիացիոն մասնագետների նախնական պատրաստումը, վերապատրաստումը և որակավորման բարձրացումը: Ավիաուսումնական կենտրոնի առաքելությունն է քաղաքացիական ավիացիայի մասնագետներին արժանի փոխարինողներ պատրաստելը:
Գործունեություն
Իր հիմնադրման օրից ի վեր կենտրոնն ուսուցանել է բազմաթիվ ավիացիոն մասնագետների: Ավիաուսումնական կենտրոնը 2003 թվականից լիցենզավորված է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից: Կենտրոնն իրականացնում է միջազգային ավիացիոն կրթական չափորոշիչներին և պահանջներին համապատասխան ավիացիոն մասնագետների ուսուցում և միջին մասնագիտական կրթական ծրագրերով պատրաստում է.
- առևտրային օդաչուներ,
- օդային երթևեկության կառավարման կարգավարներ,
- օդային փոխադրումների կազմակերպիչներ,
- ավիատեխնիկներ:
Ավիաուսումնական կենտրոնը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից տրված համապատասխանության վկայականի հիման վրա իրավունք ունի պատրաստելու.
- սիրողական օդաչուներ,
- թռիչքուղեկցորդներ:
Ավիաուսումնական կենտրոնը միակ հաստատությունն է Հայաստանի Հանրապետությունում, որն իրականացնում է կրթական ծրագրեր քաղաքացիական ավիացիայի հիմնական մասնագիտությունների գծով մասնագետների նախնական պատրաստման, կայացած ավիացիոն մասնագետների որակավորման բարձրացման և վերապատրաստման ուղղությամբ:
Բացի այդ, կենտրոնում կազմակերպվում է նաև օդաչուների և ՕԵԿ կարգավարների ավիացիոն անգլերենի ատեստավորում: Այստեղ են նախնական պատրաստություն անցնում և բարձրացնում իրենց որակավորումը հայրենական թռիչքուղեկցորդները: Թռիչքային և սրահի անձնակազմերի ուսուցման դասընթացների, վերապատրաստումների և գիտելիքների խորացման պարտադիր ուղղություններից են վտանգավոր բեռների փոխադրումը, ավիացիոն անվտանգության ապահովումը, մարդկային գործոնները, ավիացիոն անգլերենը, օդային օրենսդրությունը և այլն: Ճարտարագիտատեխնիկական աշխատակազմի ուսուցման դասընթացներից են վառելիքաբաքի անվտանգությունը, էլեկտրացանցի տեղակայման համակարգերը և այլն:
Օդաչուների և ավիատեխնիկների ուսման տևողությունը 3 տարի է, իսկ օդային երթևեկության կառավարման կարգավարների և օդային փոխադրումների կազմակերպման բաժիններում՝ 2.5 տարի: Կենտրոնի շրջանավարտները ստանում են պետական նմուշի դիպլոմ և պատրաստ են միջին մասնագետի որակավորմամբ աշխատանքի անցնելու քաղաքացիական ավիացիայի տարբեր ծառայություններում: Բարձր առաջադիմությամբ առկա ուսուցման առաջին կուրսի 15 ուսանողներ սովորում են անվճար, պետպատվերի շրջանակում: Գործում է նաև ռոտացիոն համակարգը:
Ընդունելություն
Ընդունելությունը կատարվում է միջին մասնագիտական կրթական ծրագրով առկա ուսուցմամբ անվճար և վճարովի տեղերին համապատասխան: Անվճար ուսուցմամբ տեղերում առաջին հերթին ընդունվում է միջնակարգ կրթության ատեստատի միավորների (այդ թվում քննական), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականների միջին թվաբանականի և տվյալ մասնագիտության համար սույն կարգի ցանկով ընդունելության մրցութային առարկաների գնահատականների (միավորների) ընդհանուր առավելագույն գումար ունեցող դիմորդը:
Համագործակցություն
Ավիացիոն մասնագետների ուսուցումն իրականացվում է միջազգային ավիացիոն կազմակերպությունների պահանջներին համապատասխան: Կենտրոնը գործակցում է Ուլյանովսկի ավիացիոն ինստիտուտի, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ՔԱՄԿ՝ «ԻԿԱՕ») Կիևի տարածաշրջանային կենտրոնի հետ:
Գործատուներ
Շրջանավարտների ներուժային գործատուներն են.
- «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների կառավարիչ «Արմենիա» միջազգային օդանավակայններ» ՓԲԸ,
- Հայաէրոնավիգացիա ՓԲԸ,
- «Աքիլլա Տեխնիքս» ՍՊԸ,
- «Արմենիա ավիաընկերություն» ՍՊԸ,
- «Արմենիա Էյրվեյզ» ՓԲԸ ավիաընկերությունը,
- «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ» ՍՊԸ ավիաընկերությունը,
- «Մարս Ավիա» ՓԲԸ ավիաընկերությունը,
- «Տարոն-Ավիա» ՍՊԸ ավիաընկերությունը:


Հասցե` ք. Երևան, «Զվարթնոց » օդանավակայան

Հեռ՝ +374 60 37 35 47

Կայք՝ aviatrainingcenter.am

Էլ. փոստ՝ [email protected]

Տնօրեն` Գեղամ Խաչատրյան
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.